![]()
Աֆղանցի աղջիկը, որն օրեր առաջ գնդակահարել էր իր ծնողներին սպանած «Թալիբան»-ի զինյալներին, հայտնել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած այլ ապստամբների, որոնք կփորձեն հարձակվել իր վրա, գրում է Gulf news-ը։
«Ես այլևս չեմ վախենում նրանցից և կրկին պատրաստ եմ պայքարել նրանց դեմ»,- AFP գործակալությանը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է 14-ամյա Քամար Գյուլը։
Գյուլի՝ ատրճանակը ձեռքին լուսանկարն անցյալ շաբաթ համացանցում մեծ տարածում էր գտել, շատերը գովաբանել էին նրա գործողությունները և երկրի իշխանություններին կոչ արել ապահովել աղջկա անվտանգությունը։
Դեպքը մտաբերելով՝ 14-ամյա աղջիկն ասել է․ «Նրանք իմ հորը և մորը դուրս բերեցին փողոց և մի քանի անգամ կրակեցին նրանց վրա։ Ես սարսափահար էի»։
Նրա խոսքով՝ մի քանի վայրկյանից զայրույթը փոխարինել է վախին, վերցրել է ընտանիքին պատկանող AK-47 ինքնաձիգը, գնդակահարել է իր ծնողներին սպանած «Թալիբանի» երկու զինյալներին և վիրավորել ևս մի քանիսին։
![]()
Աղջկա խոսքով՝ իրեն հայրն է սովորեցրել կրակել։
«Ես երջանիկ եմ, որ գնդակահարեցի իմ ծնողներին սպանողներին։ Սպանեցի, քանի որ գիտեի, որ ծնողներիցս հետո գալու են իմ ու եղբորս հետևից»,- ասել է նա՝ հավելելով, որ շատ է ցավում, որ ծնողներին հրաժեշտ տալու հնարավորություն չի ունեցել։
![]()
«Երկու թալիբների սպանելուց հետո ես գնացի ծնողների հետ խոսելու, բայց նրանք չէին շնչում», — ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի Գորի նահանգի գյուղերից մեկում «Թալիբան»-ի զինյալները ներխուժել են 14-ամյա աղջկա՝ Քամար Գյուլի ընտանիքի տուն և իր աչքի առաջ սպանել հորը՝ երկրի պաշտոնական կառավարությանն աջակցելու համար։ Զինյալները նաև սպանել են ամուսնուն փրկել փորձող նրա կնոջը։
![]()