![]()
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանի նախաձեռնությամբ` «Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակից մի քանի երկրների գեղեցկուհիներ հանդես են եկել Հայաստանի սահմանին ադրբեջանական հարձակումների դեմ կոչերով: Սալվադորի, Նիգերիայի, Բուլղարիայի, Գուամի, Արգենտինայի, Տանզանիայի, Շվեդիայի եւ Հոնդուրասի ներկայացուցիչներն իրենց սոցիալական կայքերի էջերում տեղադրել են լուսանկարներ` «Աջակցում եմ Հայաստանին»/Support Armenia հեշթեգերով:
![]()
«Վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայից ազդված՝ ցանկանում էի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել այս երեւույթի կողմ` դրանով իսկ տեղեկացնելով տասնամյակներ ձգվող կոնֆլիկտի մասին: Չէ՞ որ, շատ երկրներ տեղեկություն չունեն Հայաստանի, Արցախի եւ մեր սահմանին տիրող իրավիճակի մասին:
![]()
Կարծում եմ՝ հանդիսանալով «Միսս Տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչը՝ կարող եմ մյուս մասնակից աղջիկների օգնությամբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել մեր խնդրի վրա»,-ասում է Դայանան ու հավելում,-«Ցանկություն ունենալով քաջալերել մեր ժողովրդին ու մեր զինվորներին այսօրվա բարդ իրավիճակում` երկար մտածում էի, թե ինչով ինքս կարող եմ աջակցել նրանց:
![]()
Որոշեցի նախաձեռնել ակցիա` նրանց սատարելու համար: Գիտակցում էի, որ ամենակարեւորը հոգեւոր աջակցությունն է, ինչը թույլ չի տա մեր հայրենակիցներին եւ զինվորներին կորցնել վստահությունը եւ հաղթական ոգին:
![]()
Կոչ արեցի «Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակիցներին այս դժվարին պահին իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանին, հայ ժողովրդին եւ հայ զինվորներին` լուսանկարվելով #SupportArmenia (Աջակցում եմ Հայաստանին) հեշթագով եւ տեղադրելով այդ լուսանկարները սոցիալական կայքերի իրենց էջերում: Բոլոր աղջիկները հանդիսանում են ներկայիս իրենց երկրների գլխավոր գեղեցկության տիտղոսակիրները, եւ իրենց սոց կայքերում ունեն շատ մեծ լսարան` ընդհուպ մինչեւ 1 միլիոն հետեւորդ»,-ասում է Դայանան:
![]()
Նա ընդգծեց, որ խնդրանք-նամակով դիմել է, գրեթե, բոլոր մասնակիցներին:
![]()