![]()
Սևանա լիճն այս տարի ևս ծաղկել է: Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներն են այսօր անդրադարձել խնդրին՝ պարզաբանելով, թե ինչու իրավիճակն այդպես էլ դրական լուծում չի ստանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։
Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։
Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:
Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։
Դրան զուգահեռ, սկսվել են Սևանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։
Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։
Մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()