![]()
ՀՀ Զինված ուժերը կարող է հակառակորդի խոցված ԱԹՍ-երի շարժիչները վերանորոգել եւ օգտագործել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։
Նա պատասխանել է մեր մի քանի հարցերին:
— Պարո՛ն գեներալ-մայոր, ըստ էության այս գործողությունների ժամանակ մեր օդուժն ավելի ամուր էր, ձեր ղեկավարած համալսարանի ուսումնական պլանում փոփոխություններ կատարվե՞լ են վերջին 3-4 տարիների ընթացքում։
— Ընդհանրապես ոչ թե վերջին 3-4 տարիների ընթացքում, այլ ամեն տարի մենք վերանայում ենք մեր ուսումնական ծրագրերը, զորքերի հետ սերտ կապ ունենք, թե ինչ է կատարվում, ինչպիսի որակ են ցույց տալիս մեր շրջանավարտները, ինչի վրա ուշադրություն դարձնենք։ Մենք միշտ միայն աշխատում ենք առաջընթացի վրա, ասել թե ինչ-որ մի բանի հասել ենք եւ կանգնել ենք դրա վրա՝ այդպես չէ, մենք անընդհատ շարժման մեջ ենք։
— ՀՀ ԶՈՒ-ն խոցել է 14 ԱԹՍ եւ 1 ԱԹՍ էլ անվնաս վիճակում է վերցրել, ընդհանուր հակառակորդի մոտ առկա ԱԹՍ-երի քանի՞ տոկոսն է դա։
— Մեր հաշվարկներով՝ նրանք մոտ 80-ից 100 ԱԹՍ ունեն, որի 15-20 տոկոսը ոչնչացվել է։ Բավականին թանկ ապրանքներ են ոչնչացվել ե՛ւ գնային, ե՛ւ հնարավորությունների առումով։
— Խոցված ԱԹՍ-երի մեջ կա՞ն պիտանի մասեր, որոնք կարող ենք մենք օգտագործել։
— Հիմա շատ հանգիստ կարող ենք դրանց շարժիչները վերանորոգել եւ հետագայում օգտագործել։ Դրանք անգլիական արտադրության ռոտորային շարժիչներ են եւ ամեն մեկն արժե 39 հազար եվրո։
— Այսինքն՝ այս մարտական գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ-ն արձանագրե՞ց իր օդային գերակայությունը հակառակորդի նկատմամբ։
— Այո՛, մենք կարողացանք մեզ պաշտպանել եւ թույլ չտալ, որ հակառակորդը իրականացնի այն, ինչ ցանկանում է։
![]()