Ժլատություն մի արեք պարոնայք, հայ զինվորը միայն Սուքիասյանների համար չէ սահման պահում

Տավուշի սահմանին հուլիսի 12-ից տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում հայկական զինուժը զգալի առավելություններ ձեռք բերեց հակառակորդի հանդեպ: 2016-Ի Ապրիլյանի պատերազմի հետ անգամ համեմատության եզրեր չկան:  Եթե Ապրիլյանին համայն հայությունն անգամ անձեռոցիկով և սննդով էր փորձում օգնել սահման պահող զինվորին, ապա Տավուշի սահմանին հուլիսի 12-ից սկսված մարտական գործողությունների ժամանակ գրեթե միայն օգտագործված անվադողեր են ուղարկել սահմանապահներին,  որովհետև այս անգամ պետությունը, կառավարությունը հոգում էր իր զինվորների համար:

Սակայն, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ, զանգեր, առաջարկներ եղան Հայաստանից աշխարհի տարբեր ծայերում բնակվող մեր հայրենակիցներից   որոնք հետաքրքրվում էին, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել,  վարչապետը հայտնեց, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Դեռևս երեկ հայտնեցինք, որ առաջին և ամենախոշոր փոխանցումը հիմնադրամին արել են Սուքիասյանները՝ 50մլն դրամ։ Փոխանցում արեց նույնիսկ մերժված Սերժ Սարգսյանը՝ 12 մլն դրամ։  Սակայն Հայաստանում և Հայաստաից դուրս բնակվող շատ մեծահարուստ հայրենակիցներ ունենք, որոնք մինչ այժմ չեն էլ ուզում ձեռքները գրպանները տանեն։

Ի վերջո հայրենիքը զուտ հող չէ, որի վրա կարելի է զուտ բիզնես անել, կամ էլ ընդամենը սեղանի շուրջ հայրենիքի կենաց խմել:  Հեղափոխությունից հետո օրինական բիզնեսով զբաղվելու համար ամեն պայման ստեղծված է Հայաստանում, գործարարների բիզնեսին խոչընդոտող չկա, փայ մտնող չկա…   ի վերջո Հայաստանում ստեղծվել են բարենպաստ պայմաններ, բիզնես ունենալու, աճելու և հարստանալու համար: Թեկուզ զուտ բիզնեսի անխափան ու ապահով գործունեության համար պետք է հայրենիքի սահմանը պահող զինվորին լավ նայել, հարկ եղած դեպքում օգնել…

Ի՞նչ է, միթե միայն Սուքիասյանների համար են սահման պահում մեր զինվորները։

Նույն Հայաստանում  և Հայաստանից դուրս կան բազմաթիվ մեծահարուստ հայ գործարարներ՝ Ծառուկյանը, Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը …և շատ ուրիշներ։

Պարոնայք, աջակցեք ձեր երկրին, հայրենիքին ու այդ հայրենիքի սահմանը պահող զինվորին…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ