Ադրբեջանի սպառնալիքների հասցեատերը նաեւ միջազգային հանրությունն է

Ադրբեջանը, փաստացի սկսելով եւ իրականացնելով ռազմական գործողություններ Հայաստանի Հանրապետության դեմ, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները, ինչպես նաեւ սպառնալով հարվածել Մեծամորի ատոմակայանին, ակնհայտորեն սպառնալիք է դարձել միջազգային անվտանգության եւ խաղաղության համար։ Դրանով խախտվում է ՄԱԿ—ի կանոնադրության 2(4) հոդվածը, համաձայն որի պետությունները պետք է ձեռնպահ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ եւ/կամ ՄԱԿ—ի նպատակներին անհարիր որեւէ այլ ձեւով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից։

Ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելման սկզբունքը ամրագրված է ՄԱԿ—ի կանոնադրության 2—րդ հոդվածում, Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ ընդհանրապես ընդհանուր միջազգային իրավունքի հիմնաքարային սկզբունքներից մեկն է։

«Եթե որեւէ պետություն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ուժ է կիրառում եւ/կամ սպառնում է ուժ կիրառել, ապա դա պետք է ամբողջ միջազգային հանրության մտահոգությունն առաջացնի։ Հետեւաբար, յուրաքանչյուր պետություն իրավունք է ստանում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի կանխի նման գործողությունների կատարումը, եւ պարտադիր չէ դա լինի այն պետությունը, որի դեմ ուղղված է»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։ Ուժի կիրառման կամ դրա արգելքի սկզբունքը միջազգային իրավունքի «jus cogens» սկզբունք է, եւ պետություններն ունեն «erga omnes» (լատիներեն՝ բոլորին առնչվող, համապարտադիր) պարտավորություն թույլ չտալու, որպեսզի այս սկզբունքը խախտվի։

Մեր պարագայում առկա է ե՛ւ ուժի կիրառումը, ինչը տեսանք Տավուշի սահմանին, ե՛ւ դրա սպառնալիքը, ուղղված ոչ ռազմական օբյեկտին։ «Մենք առաջին հերթին պետք է նշենք, որ խախտվել է հենց այս կարեւորագույն սկզբունքը՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի»,–շեշտեց պատգամավորը։ Բոլոր պետությունները, որոնց նկատմամբ ուժ է կիրառվում, ՄԱԿ—ի կանոնադրության 51—րդ հոդվածի համաձայն, ինքնապաշտպանվելու իրավունք են ստանում, այսինքն՝ ինքնապաշտպանական նպատակներով ուժ կիրառելու իրավունք են ստանում, ինչը եւ իրականացրել ենք սահմանային միջադեպի ընթացքում։

ՄԱԿ—ի կանոնադրության 51—րդ հոդվածում մասնավորապես նշված է. «Կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության որեւէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ։ Անդամների կողմից իրենց ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու միջոցառումների մասին անմիջապես հաղորդվում են Անվտանգության խորհրդին եւ, սույն կանոնադրության համաձայն, ոչ մի կերպ չեն ազդում Անվտանգության խորհրդի հեղինակության ու լիազորության վրա՝ ցանկացած ժամանակ ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար»։

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, Հայաստանը կարող է եւ պետք է դիմի ՄԱԿ—ի անվտանգության խորհրդին նաեւ այս համատեքստում։ Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող իրավիճակում, ինչպես նաեւ ագրեսիայի դեպքում պետությունները հնարավորություն ունեն դիմելու ՄԱԿ—ի անվտանգության խորհրդին կանոնադրության 35(1) հոդվածի ուժով։ «ՄԱԿ—ի կանոնադրությունը ուժի կիրառման երկու հնարավոր դեպք է տալիս. մեկը՝ ինքնապաշտպանական նպատակներով, մյուսը՝ Անվտանգության խորհրդի որոշմամբ, իսկ վերջինս նման որոշում ընդունելու իրավունք ունի այն դեպքերում, երբ վտանգված են միջազգային անվտանգությունը եւ խաղաղությունը»,–ասաց Տ. Սիմոնյանը՝ մանրամասնելով, որ եթե միայն սահմանային միջադեպը լիներ, ապա միգուցե ՄԱԿ—ի ԱԽ—ին հարցն այնքան էլ չվերաբերեր, բայց քանի որ առկա է Մեծամորի ատոմակայանի վրա հարձակվելու սպառնալիք, ապա դա արդեն ամբողջ միջազգային հանրության անվտանգության հարցն է։

Հուլիսի 16—ին ՄԱԿ—ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային իրավիճակի էսկալացիայի վերաբերյալ։ Նամակը պետք է շրջանառվի որպես Գլխավոր ասամբլեայի (74—րդ նստաշրջանի) եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ։ Կարեւորելով հանդերձ այդ քայլը, զրուցակիցս նշեց, որ դա այն չէր, ինչ ակնակալում էր, ցանկալի կլիներ, որպեսզի դիմեինք ԱԽ—ին նիստ հրավիրելու եւ քննարկելու հատկապես ատոմակայանի վրա հարձակվելու սպառնալիքի հարցը՝ ակնկալելով դատապարտող բանաձեւ։ Չմոռանանք, որ ՄԱԿ—ի ԱԽ—ի որոշումները պարտադիր են կատարման համար, եւ եթե պետությունները համարձակվում են չկատարել դրանք, ապա հնարավոր է կյանքի կոչել դրանք նաեւ ուժի գործադրմամբ։ Դա ՄԱԿ—ի իրավասությունների շրջանակում է, եւ նման որոշումները կայացվում են հենց միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանման նպատակով։

Ընդհանուր միջազգային իրավունքից բացի կա նաեւ ճյուղային միջազգային իրավունքի խախտում, մասնավորապես՝ «պատերազմի իրավունքի» կամ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում, որն ուղղակիորեն ամրագրված է Ժնեւյան չորս կոնվենցիայում, ինչպես նաեւ դրանց կից առաջին արձանագրության համապատասխան հոդվածներով։ «Այդտեղ եւս հստակորեն նշված է, որ ռազմական օպերացիաների ժամանակ պետք է բացառվի քաղաքացիական եւ ոչ ռազմական օբյեկտների թիրախավորումը։ Կատարվածը մարդասիրական միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Այն միջազգային քրեական իրավունքի իմաստով համարվում է պատերազմական հանցագործություն։ Այն ամրագրված է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8—րդ հոդվածում»,–նշեց Տ. Սիմոնյանը։

Անդրադառնալով Հաագայի միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորությանը, պատգամավորը նկատեց, որ միջազգային դատարանի ստատուսը եւ Ժնեւյան կոնվենցիաների առաջին արձանագրությունն Ադրբեջանի կողմից չեն վավերացվել, այսինքն՝ չեն համարվում այդ երկրի օրենսդրության մաս։ Սակայն քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու արգելքի, պատերազմական հանցագործությունների հոդվածները միջազգային սովորութային իրավունքի ուժով գործող նորմեր են, եւ Ադրբեջանը չի կարող խուսափել դրանցից՝ պատճառաբանելով, թե չի վավերացրել այդ փաստաթղթերը։ «Ուշադրություն պետք է դարձնենք այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից սպառնալիքն իրական եւ ակնհայտ էր։ Այն հնչեցվել է ոչ թե որեւէ փորձագետի կամ լրագրողի, այլ երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցչի կողմից, ինչն արդեն իրական է դարձնում վտանգը»,–ընդգծեց նա՝ նշելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը պետք է օգտագործի միջազգային իրավունքի եւ միջազգային կառույցների բոլոր հնարավորությունները Ադրբեջանին պատասխանատվության առջեւ կանգնեցնելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ