![]()
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ ցույց է տվել դեղամիջոցը, որի օգնությամբ բուժվում է:
Խոսքը հիդրոքսիքլորոխինի մասին է: Բոլսոնարուն դեղատուփը վեր է պարզել և հաղթական գավաթի պես պահել: Դա շատ է ոգևորել նրա աջակիցներին, որոնք սկսել են ծափահարել:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ հիդրոքսիքլորոխինը մալարիայի դեմ դեղամիջոց է, որի արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման հարցում դեռևս ապացուցված չէ: Այնուհանդերձ, նախագահը պնդում է, որ այն ընդունելուց հետո իրեն լավ է զգում:
«Համավարակը դժբախտություն է, բայց կհաղթահարենք այն»,-հայտարարել է Բոլսոնարուն: Նա մանրամասնել է, որ դեռևս վարակակիր է, սակայն դեղամիջոցի շնորհիվ հիվանդության ախտանշաններն այլևս չունի, և իրեն շատ լավ է զգում:
«Ես որևէ մեկին որևէ բան խորհուրդ չեմ տալիս: Պետք է խորհրդակցել բժշկի հետ. իմ պարագայում նա խորհուրդ տվեց հիդրոքսիքլորոխինը, և դա աշխատեց: Թեև գիտական ապացույց չկա, սակայն իմ դեպքում այն օգնեց»,-ասել է Բոլսոնարուն:
Պարբերականը նկատում է, որ ավելի վաղ այս դեղամիջոցի արդյունավետության մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մինչդեռ 65-ամյա Բոլսոնարուն բազմիցս ակտիվորեն քննադատել է կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումները՝ վարակն անվանելով «թեթև գրիպ»։
![]()