«Տավուշում տեղի ունեցած գործողությունների արդյունքների պտուղները մենք դեռ երկար ենք համտեսելու…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հուլիսի 12-ից Տավուշում տեղի ունեցած մարտական գործողությունների և դրանց արդյունքների պտուղները մենք դեռ երկար ենք համտեսելու:

Տարիներ շարունակ շրջանառվող մի շարք միֆեր հօդս ցնդեցին, պատասխան տրվեց շատ կարևոր հարցերի, միջազգային տարբեր ասպարեզներում հանձինս Հայաստանի նոր խաղացող ի հայտ եկավ…

Թերևս անընդհատ ռազմատենչ հռետորաբանությամբ հոխորտացող Ադրբեջանի իշխանության անհեռատես հայտարարություններն ու մարտական գործողությունների արդյունքում ձևավորված նոր քարտեզը տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի փոփոխության պատճառ հանդիսացավ։

Միջազգային հանրությունը շատ լավ է հասկանում Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու անմիտ հայտարարության վտանգները և հետևանքները, թերևս դա կարող է դիտակվել որպես մարդկության դեմ հանցագործություն: Այդ անմիտ հայտարարությամբ Ադրբեջանի իշխանությունները ամրագրեցին այն փաստը, որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար:

Ինչպես օրեր առաջ գրել էր ադրբեջանական պրոպոգանդայի հայտնի կայքը.

«Շատերի համար զարմանալի է այն, որ վերջին ռազմական գործողությունները տեղի չեն ունենում Լեռնային Ղարաբաղում, այլ կատարվում է ուղղակիորեն հայ-ադրբեջանական սահմանին : Այստեղ գտնվում են Ադրբեջանի ամենամեծ ռազմավարական նշանակության օբյեկտները: Այստեղ ջրամբարների մի ամբողջ կասկադ է, որն ամենամեծն է Ադրբեջանում, Մինգեչաուրի ջրամաբարը։ Այստեղ է Ադրբեջանի ամենամեծ ջերմային էլեկտրակայանը:

Ահա Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները համաշխարհային շուկա բերելու ամբողջ ենթակառուցվածքը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերը, Հարավային գազային միջանցքը, Բաքու-Սուպսան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի մայրուղին:

Ցանկացած հարված այս օբյեկտներին կարող է մեծ իրարանցում առաջացնել ոչ միայն տարածաշրջանային մասշտաբով»:

Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար:

Իսկ այսօր տված հարցազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր.

«Մենք ասում ենք, որ այս տարածաշրջանով անցող նավթամուղներն ու գազամուղները միջազգային ընկերություններին են պատկանում, թող վերջիններս վստահ լինեն, որ ՀՀ-ն տարածաշրջանում անվտանգություն ապահովող է և ոչ թե սպառող: Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի լավ կարող է ապահովել դրանց անվանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում»:

Այն, որ Հայաստանը երբեք միտում չի ունեցել սպառել տարածաշրջանում անվտանգությունը՝ դա միանշանակ է, բայց նաև արդեն իսկ փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է տարածաշջանով անցնող միջազգային ընկերությունների նավթագազային մուղերի անվտանգության երաշխիքը, քանզի Հայաստանն է տարածաշրջանային ենթակառուցվածքների ու խաղաղության երաշխավորը, այլ ոչ թե Ադրբեջանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ