Վարդավառ` ամենասիրելի ամառային տոնի պատմությունը


Վարդավառը Հայաստանում ժողովրդի ամենասիրելի ամառային տոներից մեկն է։ Այդ տոնին հանրապետության մայրաքաղաքում և մարզերում բոլորն են սպասում` փոքրից մեծ, քանի որ այդ օրը երեխաներին թույլ է տրվում անարգել բոլորին ջրել` երբ ցանկանան, իսկ մեծերը, թեկուզ մեկ օրով, կարող են կրկին վերադառնալ մանկություն։ Վարդավառի տոնը տարբեր օրերի է նշվում։

Աստծո Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ հետո, այն Սուրբ Ծննդի, Մկրտության, Սուրբ Հարության, Սբ. Աստվածածնի Վերափոխման և Խաչվերաց տոների հետ համարվում է Հայ Առաքեյական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։

Վարդավառի տոնին նախորդում է մեկշաբաթյա պահքը, իսկ նրան հաջորդող երկուշաբթի Մեռելոց է` հանգուցյալների հիշատակի օր։

Տոնի անվանումը, ամենայն հավանականությամբ, «վարդ» արմատի հետ կապ ունի և կապված է վարդաջուր լցնելու ավանդույթի հետ, որը հետագայում փոխարինվել է սովորական ջրով:

Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապվում էր հայկական դիցաբանության ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով` Աստղիկը ողջ Հայաստանում սեր էր սփռում, իսկ կրակի աստված Վահագնը Չարի հետ հավերժական պայքարում, պահպանում և պաշտպանում էր այդ սերը։

Աստծո Պայծառակերպության վայրը քրիստոնաեության մեջ անփոփոխ համարվում է իսրայելական Թաբոր լեռը։ Համաձայն Ավետարանի, Հիսուս Քրիստոսն իր Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29):

Ապշած աշակերտների աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9.31)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ