Ադրբեջանի ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի.Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Ադրբեջանի ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և միջազգային հանրության պարտավորությունն է ապահովել հայ բնակչության պաշտպանությունը՝ խուսափելու համար հակամարտության ընդհանրացումից, որը կարող է բերել Կովկասի բռնկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ:

«Հայ ժողովուրդը հսկայական զոհաբերության գնով ցուցադրել է ազատության և ժողովրդավարության հանդեպ իր նվիրվածությունը: Այս ոգով է, որ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, որպես հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլ, պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը»,-նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունն ընդգծում է՝ Ադրբեջանը սաստիկ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա Տավուշի շրջանի ուղղությամբ: Այս հարձակողական գործողությունների ընթացքում Բաքուն օգտագործել է հրետանային տեխնիկա, տանկեր և անօդաչու ինքնաթիռներ՝ ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և պատճառելով մարդկային զոհեր: Երևանը ստիպված է եղել համարժեք պատասխան տալ:

«Եվ եթե բախումները հաճախակի են եղել սահմանին, ապա 2016 թվականից հետո այս մարտերն ամենալուրջն են: Այս հարձակումը պետք է կապել վերջերս Իլհամ Ալիևի հայտարարության հետ, ըստ որի պետք է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններից և գտնել ռազմական լուծում: Հայերով բնակեցված այս շրջանը, հետագայում Հայաստանին միանալու նպատակով, ժողովրդավարորեն հռչակել է իր անկախությունը 1991 թվականին, մինչդեռ Ադրբեջանը ձեռնարկեց սարսափելի պատերազմ, որը, ջարդերի տանող ցեղասպան քաղաքականությամբ, հասցրեց մարդասիրական աղետի: Այս նոր ճգնաժամը ծագում է նաև Ադրբեջանի գլխավոր աջակից Թուրքիայի կողմից վարվող դաժան և էքսպանսիոնիստական քաղաքականությունից: Վերջերս Բաքու կատարած ուղևորության ժամանակ Ռ.Թ. Էրդողանը հորդորեց վերսկսել բախումները»,-նշվել է հայտարարության մեջ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ