«Ադրբեջանցիներն ասում էին՝ Երևանում չայ են խմելու, բայց երևի մենք Նախիջևանում իրենց շաքար տանք․..». Սասուն Միքայելյան

Factor.am-ի հարցազրույցը «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ

-Պարոն Միքայելյան, նախ կխնդրեմ նշեք, թե ինչպե՞ս եք գնահատում այս օրերին մեր Զինված ուժերի աշխատանքը և ի՞նչ եք կարծում՝ սահմանին առկա լարվածությունն արդյոք կարո՞ղ է վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների։

-Արդեն 5-րդ օրն է, որ կիրառվում են սադրիչ գործողություններ Տավուշի ուղղությամբ, բայց դրանք կասեցվում են մեր բանակի մարտունակության, գրագետ և պատասխանատու քայլերի շնորհիվ։ Արդեն պարզ է, որ Ադրբեջանն էլ ուրիշ հնարավորություն չունի, որ գա բանակցության և այս ամեն ինչը խաղաղվի։ Իսկ հետագա լայնածավալ հարձակումները, ինձ թվում է, հնարավոր չեն, որովհետև թե՛ Ապրիլյան քառօրյայի ժամանակ, թե՛ հիմա, թե՛ ընդհանուր սադրիչ գործողությունների ժամանակ կամ դիվերսիոն հարձակումների ժամանակ իրենք միշտ պատասխան են ստացել և լռել։ Սա հերթական փորձն էր, որը կանխվեց մեր Զինված ուժերի կողմից։

-Այս օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում, մասնավորապես՝ Բաքվում, ցույցեր են տեղի ունենում, որոնց ժամանակ մինչև անգամ տեռորիստական կոչեր են հնչում՝ կապված Հայաստանի և Արցախի հետ։ Ադրբեջանն այս օրերին սպառնում է Մեծամորի ատոմակայանը խոցել։ Ի՞նչ եք կարծում՝ իրենք կգնա՞ն այդ քայլին և ի պատասխան Հայաստանի քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեն։

-Հնարավոր չի՝ իրենք նման քայլի գնան․ ընդամենն անճարությունից ելնելով՝ ինչ-որ բաներ են ասում, հաթաթա են տալիս։ Թող իրենք հասկանան, որ կա ատոմակայանի գերեզմանոց և Աստված մի արասցե, եթե գնան նման քայլի, մենք ուրիշ քայլերի կդիմենք։

աղբյուրը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ