![]()
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի ռազմական սադրանքներին ի պատասխան հայկական Զինված ուժերը փայլուն մարտական գործողություններ է իրականացնում՝ հակառակորդին էական վնասներ հասցնելով: Այս հինգ օրերի ընթացքում ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 անօդաչու թռչող սարք, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Խոցվել է նաև հակառակորդի երկու տանկ:
Հատկապես նշանակալի էր հայկական զինուժի կողմից ադրբեջանական գերթանկարժեք՝ շուրջ 30 միլիոն դոլար արժողությամբ «Հերմես 900» անօդաչու սարքի խոցումը: Լարվածության մեկնարկից մինչ օրս հակառակորդը տվել է նաև մեծ թվով մարդկային կորուստներ։ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ ունեն 12 զոհ: Պաշտոնական Բաքուն, որ միշտ հայտարարում է, թե տարեց տարի զգալի միջոցներ է ներդնում բանակի զարգացման համար, նախօրեին խայտառակ պարտություն է կրել «Յաշմա» հատուկ ստորաբաժանման մասնակցությամբ կազմակերպված դիվերսիոն հարձակման ընթացքում:
Նշենք, որ այդ ստորաբաժանումը համարվում է ադրբեջանական բանակի էլիտան, յուրաքանչյուր մարտիկի պատրաստման համար հսկայական գումարներ են ծախսում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի կառավարության նիստում մանրամասնեց՝ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ գտնվող դիրքի վրա «Յաշմա»-ի հարձակումը հայկական զինուժի դիրքապահները կանխել են՝ անցնելով շրջանաձև պաշտպանության: Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ Զինված ուժերը ոչնչացրել է ադրբեջանական հատուկ նշանակության էլիտար «Յաշմա» 100-հոգանոց խմբի շուրջ 40%-ը։
Ադրբեջանի հատուկ նշանակության էլիտար խմբի կիրառումը, ռազմական փորձագետների պնդմամբ, ցույց է տալիս, որ ադրբեջանական սահմանային զինակետերը չեն կարողանում կատարել իրենց մարտական խնդիրները, ուստի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել, պայմանական ասված, կիրառել ծանր հրետանին:
«Յաշմա» ստորաբաժանման պարտությունը հիստերիա է առաջացրել Բաքվում: Ադրբեջանական մամուլը հուլիսի 16-ից՝ «Շտապ. «Յաշման» ձախողել է գործողությունը» վերնագրերով հրապարակումներ է անում և քննադատում երկրի ղեկավարությանը էլիտար համարվող ստորաբաժանման ծառայակիցների մահվան համար: Ադրբեջանական freeazerbaijan.info կայքի ռուսական էջը հայտնում է, որ «Յաշմա» ստորաբաժանման այն խումբը, որը դիֆերսիոն գործընթաց է նախաձեռնել, ամբողջությամբ ավերվել է: Կայքը գրել է 8 զոհի և 11 վիրավորի մասին: freeazerbaijan.info-ի հրապարակումից ենթադրելի է, որ հայկական կողմը լուրջ վնասներ է հասցրել ադրբեջանական Զինված ուժերին:
աղբյուրը՝ Factor.am
![]()