![]()
Իրիսի գույնզգույն ու փայլուն թելերը մի խումբ կանանց ձեռքերում վերածվում են խաղալիքների` տարբեր կենդանիների կերպարներով։ Կանայք աշխատում են լուռ, մերթընդմերթ ժպտում են, հիացմունքով նայում իրենց ստեղծած կերպարներին ու անկեղծանալով ասում՝ ամեն խաղալիքի մեջ հոգի են դնում։
«Մենակ էն չի, որ աշխատում ենք, էս նաև հոգեբանական դասընթաց է, էս կերպարները ստեղծելուց հանգստանում ենք։ էս աշխատանքով մեր կանայք իրենց ընտանիքներում ֆինանսական ներդրում են ունենում, ինքնահաստատվում։ Էս խաղալիքների շնորհիվ կարողացա փակել տղայիս ուսման վարձը»,- ասում է 2010 թվականից «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի «Բերդի արջուկներ» նախագծում աշխատող 41-ամյա Ասպրամ Պապյանը, ով խաղալիքների մեծ մասի հեղինակն է։
Երևանից 202 կմ հեռու Բերդ քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանային Տավուշի մարզում։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին իրականացված համայնքների խոշորացումից հետո Բերդը դարձել է բազմաբնակավայր խոշորացված համայնք, որի մեջ մտնում են մեկ քաղաքային և 16 գյուղական համայնքներ։
Տավուշի մարզը սահմանակից է Վրաստանին և Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատվածը, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի գյուղերը հիմնականում սահմանամերձ են։ Մարզի հասարակական կազմակերպությունները և ներդրողները փորձում են իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատատեղեր ստեղծել բնակիչների համար՝ կանխելով արտագաղթը տարածաշրջանից։
Ըստ Բերդի համայնքապետարանի` 9864 բնակչություն ունեցող Բերդում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 265 է, չնայած, ըստ համայնքապետարանի, գործազուրկների թիվը քաղաքում շատ ավելին է։ Աշխատանքի խնդիրը լուծելու համար տղամարդկանցից շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, տեղում մնացածների գերակշռող մասն աշխատում է որպես պայմանագրային զինծառայող, կանայք աշխատում են կրթական հաստատություններում, զբաղվում գյուղատնտեսությամբ, ներգրավվում նոր բացված աշխատատեղերում։
Ավելի մանրամասն ՝ այստեղ
![]()