Շավարշ Քոչարյանը՝ լայնամասշտաբ գործողությունների հավանականության ու միջազգային կառույցների արձագանքի մասին

Լրագրողներն այսօր Մինսկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ զրույցում հետաքրքրվել են, թե արդյոք Ադրբեջանի սկսած գործողությունները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի:

Փոխարտգործնախարարը նշել է.

«Կանխելու համար երկու գործոն կա՝ մեկը, որ իրականացնում է մեր ՊՆ-ն, մեր բանակը, որը ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են, երկրորդը, բնականաբար, դիվանագիտական ասպարեզում է, որտեղ պետք է լինել ակտիվ, որովհետև պարզ է, որ տեղի է ունեցել ագրեսիա»:

SHANTNEWS.am-ի լրագրողը հետաքրքրվել է միջազգային գործընկերների արձագանքով, որին ի պատասխան, փոխնախարարն անդրադարձել է Ադրբեջանի դիրքորոշմանն այն հարցի շուրջ, որ սահմանին անհրաժեշտ է իրականացնել հսկողություն՝ իրավիճակը հստակ պատկերացնելու համար:

«Շատ կարևոր է արձանագրել՝ ով էր, որ հրաժարվում էր, որպեսզի լինեն դիտորդներ, սարքեր, որոնք նմանատիպ իրավիճակներում կարողանան հայտնաբերել՝ ով է սկսել: Դեմ էր Ադրբեջանը և այսօր փորձում է ապացուցել, թե հայկական կողմն է սկսել, հենց այն հանգամանքը, որ միշտ դեմ է եղել, խոսում է նրա մասին, որ ինքը միշտ կողմ է եղել նման քայլերի, էդ տեսակետից որպեսզի միջազգային դիտորդները, միջնորդները, միջազգային կազմակերպությունները կարողանան հենվել ոչ թե կողմերի հայտարարությունների վրա, այլ իրականում տեղի ունեցած փաստերի վրա, դրա համար, իհարկե, անհրաժեշտ է հետևել, ընդհուպ մինչև տիեզերքից, ի վերջո, միջնորդ պետությունները ունեն դրա հնարավորությունը, այդ տեսակետից կարևոր է, որ լինի սահմանի հսկողություն»,- ասել է նա:

Իսկ միջազգային գործընկերները, ըստ նրա, խոսում են՝ հենվելով փաստերի վրա:

«Եթե միայն հայտարարությունների վրա, ապա, բնական է, ամեն կողմ իրենն է հայտարարում, և վաղուց հայտնի է, նա, ով նախաձեռնում է որոշակի արկածախնդրություն, ինքը նախապես պատրաստվում է և ինքն է ներկայացնում՝ իբր ինքն է ենթարկվել հարձակման»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին, նշել է, որ մենք ՀԱՊԿ-ին օգնության չենք դիմել, կա համապատասխան հոդված, որի համաձայն՝ դիմում ես օգնության:

«Տվյալ պարագայում ՀԱՊԿ-ը ընդամենը կոչ է անում, որ, այո՛, դա կանգնեցվի, հակառակ պարագայում ինքը ստիպված կլինի ներքաշվելու, եթե մենք դիմենք»,- ասել է պաշտոնյան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ