Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի

«Այս գիշեր՝ ժամը 00:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգի, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել՝ ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Դիրքը գտնվում է Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները»,- Կառավարության այսօրվա նիստը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն փորձի մանրամասներով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ մեր դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը ու, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը:

«Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել, նախնական տվյալներով՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և D — 30: Զուգահեռ՝ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ քաղաքացիական բնակչության շրջանում: Արձանագրեմ  նաև, որ վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից, Ադրբեջանը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ: Արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վնասներն ու տալ գնահատական»,- նշեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ