![]()
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` տավուշցիներին կոչ անելով ծայրահեղ զգոն և ուշադիր լինել:
«Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։
Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, կորուստներ կրելով` ադրբեջանական կողմը հետ է շպրտվել»,- գրել է նա։
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։
![]()