![]()
Հուլիսի 12-ին կտրուկ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները ՈՒԱԶ մակնիշի մեքենայով փորձել են հատել հայկական սահմանը: Մեր զինուժը կասեցրել է, նրանք թողել են մեքենան ու փախել, իսկ հետո դարձյալ փորձել են այս անգամ հրետանային կրակի ուղեկցությամբ վերցնել մեր դիրքը: Թեմայի շուրջ օնլայն տեսկապով «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռազմական համալսարանի հրամանատարա-շտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
![]()