![]()
Կորեացի գիտնականները ստեղծել են ՌՆԹ մոլեկուլներ, որոնք կարող են հաջողությամբ արգելափակել կապիկների ու մկների օրգանիզմում կորոնավիրուսի բազմացումը: Մարդկանց մոտ այդ մոլեկուլները դեռեւս չեն փորձարկվել: Կենդանիների վրա նախնական հետազոտությունները հրապարակվել են bioRxiv-ում:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, վերոհիշյալ գիտնականները սինթեզել են ՌՆԹ կարճ մոլեկուլների 61 տարբերակներ, որոնք ենթադրաբար կարող են ճնշել SARS-CoV-2 կորոնավիրուսի բազմացումը: Դրանցից մեկը, որը փոխազդում է վիրուսային ֆերմենտի՝ RdRp պոլիմերազայի հետ, զգալիորեն կրճատել է վիրուսային մասնիկների համակենտրոնացումը:
Գիտնականները ցանկացել են գտնել մոլեկուլներ, որոնք կարող էին կցվել SARS-CoV-2 գենոմի տարբեր մասերին եւ արգելափակել դրանց աշխատանքը: Այս մոտեցման արդյունավետությունը նախկինում ապացուցվել էր ատիպիկ պնեւմոնիայի վիրուսի օրինակով: Հայտնի է, որ RdRp-ը հավաքում է կորոնավիրուսի ՌՆԹ-ի նոր կրկնօրինակները, ինչպես նաեւ դրա թաղանթի եւ մեմբրանի տարբեր սպիտակուցներ: Ֆերմենտը չափազանց կարեւոր է վիրուսի վերարտադրության համար եւ համարյա չի ենթարկվում մուտացիայի: Ինչպես պարզվել է, այս ֆերմենտի վրա մեծապես ազդել է miRNA-14 մոլեկուլը ։
Գիտնականների խոսքերով՝ գործող մոլեկուլը հիշեցնում է հակավիրուսային ռեմդեսիվիր (ազդում է պոլիմերազայիի նույն մասի վրա) դեղամիջոցը: Փորձերը ցույց են տվել, որ մեծ չափաբաժինները դրական ազդեցություն են ունեցել կապիկների առողջության վրա՝ դրա մասնիկների քանակը կրճատվել է 2-3 անգամ, մարմնի ջերմաստիճանը նորմալացել է, բացի այդ, անհետացել են կորոնավիրուսի վարակին բնորոշ աղիքային խնդիրները:
![]()