![]()
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մանկատան սանը, որն, իր իսկ խոսքերով՝ հայտնվել է փողոցում, այս գտնվում է Հաղթանակ կամրջի այն կողմում և ցանկանում է ցած նետել իրեն կամրջից։ Ռազմիկ Պետրոսյանի խոսքերով՝ իրեն խաբել են, ասելով, որ բնակարան կտրամադրեն։ Ըստ նրա՝ նրան խաբել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Դեպքի վայր ժամանեց ԱԺ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Պատգամավորը խոսեց Ռազմիկ Պետրոսյանի հետ,նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ երկուշաբթի օրն այդ հարցով կզբաղվեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և փրկողների մեջ մեծ դերակատարություն ունեցավ երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրը, ինչպես նաև «Ալֆայի» աշխատակից մի տղամարդ, հրշեջ-փրկարարներն ու փրկարար-հոգեբանը:
Այդ տղամարդուն նրանք հրաշքով փրկեցին, քանի որ նրա ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին՝ բառացիորեն օդում բռնեցին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և նրանք տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին փրկվածին ու նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Այս պահին ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները՝ փրկարար-հոգեբանի հետ, բանակցություններ են վարում իքնասպանության փորձ կատարող մյուս քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:
![]()