Ռեյդեր Ռուսաստանում՝ ընդդեմ հայերի․ առգրավվում են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները

«Մինչև վերջերս Ռուսաստանում Հայաստանի պետհամարանիշերով մեքենայի տիրապետումը չէր հետապնդվում, բայց վերջերս, ինչպես մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունը սկսեցին պահանջներ ներկայացնել նրանց դեմ»,- այս մասին գրում է ռուսական «Ղեկին» կայքէջը «Ռուսաստանում սկսել են ձերբակալել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները» վերնագրով հոդվածում։

Հոդվածագիրը ենթադրում է, որ դա պայմանավորված է ոչ միայն սահմանին չվճարված պարտավորություններով, այլև նման ավտոմեքենաների անպատժելիությամբ՝ ճանապարհային տեսախցիկների օգտագործմամբ արձանագրված խախտումների դեպքում: «Ի դեպ, 2019-ի նոյեմբերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր Ներքին գործերի նախարարությանը, Տրանսպորտի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Դաշնային Մաքսային ծառայությանը մշակել խախտողների դեմ պայքարի մեթոդներ: Բայց, ըստ երևույթին, կարգադրությունը չի կատարվել, փոխարենը՝ որոշվել է արգելք մտցնել: Մեր երկրի օրենքներում հստակ բացատրություն չկա, թե արդյո՞ք օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաների օգտագործումն օրինական է:

Նրանց սեփականատերերը կարող են տուգանվել, օրինակ, 500 ռուբլով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12.1-ի համաձայն»,- ասված է հոդվածում։ Սակայն հոդվածագիրը նաև նշում է, որ սա հակասում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության 08/12/1994 N 938 որոշմանը (փոփոխված է 04/26/2020)՝ «Ռուսաստանի Դաշնությունում ավտոտրանսպորտային միջոցների և ինքնագնաց տեխնիկայի այլ տեսակների պետական ​​գրանցման մասին»։

Սա, ըստ հոդվածագրի, ենթադրում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաները կարող են ազատորեն տեղաշարժվել ՌԴ տարածքում, իսկ մաքսային օրենսդրության մեջ չկա որևէ արգելք ՝ ԵԱՏՄ տարածքում քաղաքացիների կողմից ԵԱՏՄ տարածքում պաշտոնապես ձեռք բերված տրանսպորտի օգտագործման վրա:

Այնուամենայնիվ, հրապարակման համաձայն, այս իրավիճակը պայմանավորված է այն փաստով, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության պայմանագրում նշված է, որ Հայաստանում գրանցված ավտոմեքենան տնօրինելու իրավունք ունի միայն ՀՀ քաղաքացին կամ անձը, ով մշտապես բնակվում է Հայաստանի տարածքում, ու, ի դեպ, ՌԴ որևէ օրենքում պարզաբանված չէ «մշտական բնակություն» տերմինի իմաստը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ