![]()
«Աթեիստ լինելը մարդու անձնական որոշումն է: Ոմանք իրենց համարում են աթեիստ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում բարձրաձայնել. դա եւս անձի իրավունքն է: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Հայաստանում այս առումով լուրջ խնդիրներ չկան՝ կարող եմ իմ սեփական փորձով ասել: Բոլոր հնարավոր առիթներով հայտարարել եմ աթեիստ լինելուս մասին, սակայն մինչ օրս բացահայտ վատ, թշնամական կամ նսեմացնող վերաբերմունքի չեմ արժանացել»,- նշում է Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ սեփական համոզմունքների մասին հարմար պահերի բարձրաձայնելն օգտակար է եւ նույնիսկ անհրաժեշտ մեր հասարակության համար՝ խուսափելու հարեւան երկրներում ծագած բացասական միտումներից:
«Ռուսաստանում, օրինակ, կրոնական զգացմունքները վիրավորելու համար մարդկանց օրենքով բավական խիստ դատավճիռ է տրվում: Ընդ որում, վերջին շրջանում «վիրավորել» հասկացության ներքո ընկալվում է նաեւ ֆեյսբուքյան լայքը, որի համար այս երկրում կարող են «ինկվիզիցիայի» ենթարկել: Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի Հայաստանում դրան չհասնենք: Դա հետընթաց է աշխարհիկ արժեքներից, գիտությունից եւ վերադարձ է միջնադար:
Պետք է մեր լավ օրինակով ցույց տանք, որ Հայաստանում գոյություն ունեն մեզ նման մարդիկ, որոնք այդքան էլ քիչ չեն եւ հասարակության ողջամիտ մասն են: Աթեիստներն ուրիշ ոչնչով չեն տարբերվում մյուս համոզմունքներին հարող մարդկանցից, թերեւս միայն նրանով, որ կասկածում են, տալիս են շատ հարցեր եւ փորձում գտնել պատասխաններ, իսկ դրանք չգտնելու դեպքում կուրորեն չեն հավատում չապացուցված բաների»,- համոզված է Արսեն Թորոսյանը:
Աթեիզմը երբեմն սխալմամբ դասում են կրոնների շարքին, իսկ աթեիստներին նույնականացնում «սատանիստների» կամ այլ խմբերի հետ: Աթեիստները հայտարարում են՝ աթեիզմը կրոն չէ, այլ դրա բացակայությունը. նույնն է, թե ճաղատ գլուխը սանրվածք համարես:
Աթեիստներն այն մարդիկ են, որոնք չեն հավատում աստվածների եւ գերբնական ուժերի գոյությանը: Նրանք սովորական մարդիկ են, ապրում են իրենց կյանքով, ընտանիքով, աշխատանքով, հատուկ ծեսերի չեն մասնակցում, բարոյական հատկանիշներով ոչ մի կերպ չեն զիջում հավատացյալներին, իսկ «շատ դեպքերում էլ անգամ գերազանցում են նրանց»: Ինչպես Արսեն Թորոսյանն է ասում, կրոնը «մեղքերի» թողության հնարավորություն է տալիս, ինչը հեշտացնում է «մեղքը» գործելու ճանապարհը, մինչդեռ աթեիստը մնում է իր խղճի հետ, որն, ի դեպ, կախված չէ հավատացյալ լինել-չլինելուց եւ գալիս է մարդու դաստիարակությունից:
Անհանդուրժողականության դրսեւորումներ կան ինչպես հավատացյալների, այնպես էլ աթեիստների շրջանում: Մինչդեռ Արսեն Թորոսյանը կարծում է, որ աթեիստներն ավելի հանդուրժող են, անգամ երբ դիպչում են իրենց համոզմունքներին:
«Եթե մեկն ինձ ասում է՝ քո համոզմունքները սխալ են, աստված գոյություն ունի, ես դրանից չեմ վիրավորվում: Բայց երբ հակառակն ասում ես հավատացյալին, արձագանքը լրիվ այլ է: Աթեիստներն ավելի հակված են հանդուրժողականությանը, նրանք ոչ ոքի ոչինչ չեն պարտադրում, այլ փորձում են բացատրել իրենց տեսակետը: Մենք, ի տարբերություն հավատացյալների, մոլի քարոզչությամբ չեն զբաղվում ու չենք փորձում փաթաթել մեր կարծիքն ուրիշի վզին: Սակայն, ինչպես ասում են, գյուղ չկա՝ շուն չլինի»,- կատակում է նա:
Ինչ վերաբերում է բարուն եւ չարին, դրանք հարաբերական հասկացություններ են եւ տարբեր կերպ են ընկալվում՝ կախված մարդու դաստիարակության առանձնահատկություններից: Ամեն դեպքում, այն ոչ մի կերպ պայմանավորված չէ հավատքով:
«Կրոնի բացակայությունը ոչ մի կերպ չի անդրադառնում լավի ու վատի ընկալման վրա, բայց ներկայությունը կարող է ազդել բացասական կամ դրական ձեւով: Բարու եւ չարի տարբերակումը երեխայի մոտ ձեւավորվում է ընտանիքում եւ հասարակության մեջ: Եթե անգամ այս հասկացությունները տարբերակենք միայն աստվածաշնչով, բավական հակասական բան կստացվի. այսօր քչերը քարկոծելով սպանելը նորմալ կհամարեին, ինչը հաճախ է հանդիպում այս գրքում: Իրականում, հավատացյալներն Աստվածաշունչ չեն էլ կարդում, սակայն ուրիշին կոչ են անում ուղղորդվել դրանով. հակասական բան է ստացվում»,- զարմանում է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
![]()