Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են, որ կորոնավիրուսի ճգնաժամից դուրս գալու նպատակով առաջիկայում Հայաստանը աջակցություն կստանա:
«Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:

Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա Covid-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ սպասում ենք նրանց ժամանմանը»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Հայաստնում հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ