Իտալիան արգելել է 13 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

Իտալիայի իշխանությունները արգելել են ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից առավել վտանգավոր լինելու պատճառով: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։

Ըստ աղբյուրի՝ համապատասխան հանձնարարականը երեկ ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան՝ ԱԳ նախարարության հետ համատեղ:

Նշվում է, որ արգելվում է ամեն տեսակի փոխադրման միջոցներով, այդ թվում՝ տրանզիտ ճանապարհով մուտքն այն անձանց համար, որոնք վերջին 14 օրերի ընթացքում եղել են Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում, Դոմինիկյան Հանրապետությունում:

Նաև նշվում է, որ դադարեցված է ուղիղ և ոչ ուղիղ ավիահաղորդակցությունը հիշյալ երկրների հետ, քանի որ 13 երկրներից ոչ մեկը չի ներառվել ԵՄ կանաչ գոտում:

Իտալիայի սահմանը հատող ցանկացած օտարերկրացի, ինչպես նաեւ արտերկրից ժամանող իտալացիները պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին:

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Հայաստնում հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ