Արարատ Միրզոյանը նշում է՝ հաճույքով կստորագրի ՍԴ մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՍԴ նախկին անդամների և նախկին նախագահի՝ ՄԻԵԴ դիմելու հանգամանքին: Միրզոյանը հայտարարել է, որ նրանք իրավունք ունեին դիմել Եվրոպական դատարան, ինչը և արել են, իրացրել են իրենց իրավունքը:

«Բայց ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պե՞տք է կայացնի, թե՞ ոչ, ինչպես ձեր հարցի մեջ պնդում էր արվում, տեղյակ չեմ, վստահ չեմ ամեն դեպքում»,- նկատել է նա:

Միրզոյանը նաև խոսել է երեկ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արած այն առաջարկության մասին, ըստ որի՝ ՍԴ երեքական անդամների նշանակեն Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Միրզոյանի կարծիքով՝ գործող սահմանադրական կարգավորումներով դատարանակազմ մարմինները, այդ թվում՝ նախագահը, առաջարկում են թեկնածություններ, ընտրությունը թողնված է ԱԺ-ին:

«Այն, ինչ առաջարկում է ՀՀ նախագահը, ենթադրում է սահմանադրական փոփոխություններ: Գիտեք, որ կա և գործում է Սահմանադրության փոփոխությունների մշակող հանձնաժողով, և կարծում եմ, որ ՀՀ նախագահը թերևս պաշտոնապես կամ բանավոր դիմի այդ հանձնաժողովին»,-ասաց Միրզոյանը:

Ամեն դեպքում նա կարծում է, որ գործող մեխանիզմը բավական հաջող է:

Արարատ Միրզոյանը խոսել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը  չստորագրելուն: Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով սահմանվել է նոր դատավորների ընտրության կարգը, ինչպես նաև դատարանի պաշտոնանկ արված անդամների թոշակի հարցը։ Նշվում է, որ եթե 21-օրյա ժամկետում նախագահը օրենքը չուղարկի Սահմանադրական դատարան, ապա այն ստորագրելու իրավունքը փոխանցվում է Ազգային ժողովի նախագահին։
Միրզոյանի խոսքով՝ եթե նախագահը չստորագրի, ինքը մեծ հաճույքով դա կանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ