![]()
Կորոնավիրուսը հայտնաբերող թեստավորումները ենթադրում են բարդ պրոցեսներ, և դրա բազմաթիվ մասերում հնարավոր են խնդիրներ։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով թեստավորումների քանակի մասին։
«Շանթ» հեռուստաընկերության հարցին պատասխանելիս Թորոսյանն ասաց, որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ թեստի փայտիկի նման պարզագույն պարագաները չեն բավարարել Հայաստանում։ Իսկ պատճառն այն է, որ աշխարհում այնքան մեծ է եղել դրանց պահանջարկը, որ այդ փայտիկներ արտադրողները սկսել են հատուկ քվոտաներով վաճառել տարբեր երկրներին։
Թորոսյանն ասաց, որ այդպիսի պարզագույն գործիքն էլ պատրաստվում է հատուկ փայտից, դրա վրա հատուկ ծածկույթ կա և այլն։ Նախարարը մանրամասնեց, որ Չինաստանից մեծ դժվարությամբ 160 հազար փայտիկ են գնել, բայց դրանք էլ ուշ են հասել Հայաստան, որովհետև ինքնաթիռի թռիչքը այլ պատճառով ուշացել էր։
Բուն թեստի պակաս, դեֆիցիտ, ըստ Թորոսյանի, չի եղել։ Նա նշեց, որ մոտ 80 հազար թեստ Հայաստանը գնել է, մոտ 60 հազարը նվեր է ստացել, իսկ տեղական արտադրությունն էլ հնարավոր է դարձնելու 100 հազար թեստի ստացում։
![]()