![]()
Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին մոտ 1000 վարակման դեպք է գրանցվել։ Ավելի շատ դեպքեր գրանցվել են շաբաթ օրը, քանի որ այդ օրը արված թեստավորումները ավելի շատ են եղել։ Այս մասին այսօր վարչապետի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ընդհանուր թեստավորումների քանակի համեմատությամբ վարակման հաստատված դեպքերի հարաբերակցությունը, ըստ նախարարի, մոտ 30 տոկոս է։ Դա, ըստ Թորոսյանի, մի կողմից լավ է, քանի որ տոկոսը հաստատուն է, չի ավելանում։ Մյուս կողմից, սակայն, նախարարը նշեց, որ վարակվածների բավական մեծ թիվ է դա նշանակում, ինչը վատ է։
Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ մահճակալային տեղերի թիվը հասցվել է 2600-ի, և դրանցից 300-ը վերականդանացման բաժանմունքներում են։ Ըստ նախարարի՝ երկու դեպքում էլ շատ բարձր է այդ տեղերի զբաղվածության մակարդակը։
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մոտ 650-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է։ Նրանցից 47-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Ըստ Թորոսյանի՝ կարևոր է, որ չկա որևէ մարդ, որ սպասում է հոսպիտալացման ու չի հոսպիտալացվում։
![]()