![]()
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ավարտվել են ռումբի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները. պարզվել է, որ ահազանգը կեղծ էր, այս մասին աշխատանքների ավարտից հետո հայտարարել է Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման աշխատանքների ղեկավար Գևորգ Մնացականյանը:
«Ժամը 13։30-ին ստացվել է ահազանգը, աշխատել է երեք կինոլոգիական խումբ՝ մեկը արտակարգ իրավիճակներից, երկուսը՝ ոստիկանությունից: Աշխատանքի արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի գտնվել, «Մեգամոլն» անցել է բնականոն աշխատանքին», -ասել է մայոր Մնացականյանը:
Նա նշել է, որ այնտեղից մեկնում է «Դալմա մոլ»:
Ինչպես հայտնի էր, այս առևտրի կենտրոնում ևս նույնանման ահազանգ է ստացվել:
Թե ինչպես է ստացվել լուրն ու արդյո՞ք հնարավոր կլինի պարզել աղբյուրը, Մնացականյանը նշել է.
«Այդ հարցին իրավասու չեմ պատասխանել, ոստիկանությունն է զբաղվում: Ինձ թվում է, որ մոտակա ժամերի ընթացքում պարզ կլինի՝ ահազանգն ով է տվել: Իսկ աշխատանքները կատարվել են այսպես. հարկը կիսել ենք երեք մասի, երեք խումբը տարբեր ուղղություններով որոնողական աշխատանքներ է կատարել, շները վարժեցված են պայթուցիկ սարքեր գտնելու ուղղությամբ, շների միջոցով կատարվել է, ու ոչ մի վտանգավոր բան չեն հայտնաբերել»:
Նա հավելել է, որ որևէ միտում չի տեսնում, այլ կատարվածը որակել է «խուլիգանական արարք»:
![]()