![]()
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատաքննությունը:
Այս պահին դատարանում հարցաքննվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. նա գործով ունի վկայի կարգավիճակ:
Դատարան մտնելիս Թորոսյանը խոստացավ հարցաքննության ավարտից հետո պատասխանել լրագրողների հարցերին:
Նշենք, որ նիստը թեեւ դռնբաց է, սակայն լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, եւ նրանց նիստերի դահլիճ մուտք գործել չի թույլատրվել: Սկզբնական նիստերին, երբ պաշտպանական կողմն առարկել էր տեսանկարահանման դեմ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը արգելել էր օպերատորների աշխատանքը՝ թույլատրելով լրագրողներին մասնակցել նիստին, սակայն՝ առանց ձայնագրառման: Այսօրվա նիստին արդեն դատավորը արգելել է լրագրողների մասնակցությունը՝ պայմանավորելով դա համավարակով: Նշենք, սակայն, որ համավարակի պայմաններում մի շարք այլ գործերով լրագրողները հետեւել են նիստերի ընթացքին դահլիճում գտնվող օպերատորների միջոցով, իսկ օպերատորների բացակայության պայմաններում միայնակ աշխատող լրագրողներին թույլատրվել է մուտք գործել նիստերի դահլիճ:
Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի՝ նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է, իսկ Արսեն Դավթյանը հերքել, թե որեւէ մեկից կաշառք է ստացել:
![]()