ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու վարչական շենք

ՍԴ-ի մուտքի մոտ այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ:

22.06.2020 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և 26.06.2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի էջում տեղեկացրել էր.

«Ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ