![]()
Կորոնավիրուսից մահացողների մարմինների հերձումների արդյունքում պարզվել են վիրուսի կողմնակի մահաբեր ազդեցություններ։ Այս մասին Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի աշխատակցի ուսումնասիրությունը հրապարակվել է հեղինակավոր The Lancet ամսագրում, փոխանցում է «Գազետան»։
Նա պարզել է, որ կորոնավիրուսային հիվանդության բարդացումից մահացածների մոտ լայնացած են լինում անոթները։ Դրանից բացի, ըստ աշխատակցի ուսումնասիրության, կորոնավիրուս ունեցողների մոտ թրոմբներ են զարգանում։
Կորոնավիրուսը, թոքերից ու անոթներից բացի, ախտահարում է նաև երիկամները։ Ուսումնասիրության համաձայն` կորոնավիրուսը ծանր տանող պացիենտների մոտ հաճախ են լինում երիկամային անբավարարության դեպքեր։
Ուսումնասիրության արդյունքները ներկայացնելով` մասնագետը եզրակացրել է, որ վիրուսը ախտահարում է վարակվածների ոչ այնքան շնչուղիներն ու թոքերը, որքան անոթային համակարգը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էնք, հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 593 նոր դեպք և 473 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է:
![]()