Հայ գիտնականները կարողացել են նույնականացնել մի քանի միացություն, որոնք կկարողանան ճնշել COVID-19-ի ներթափանցումը բջիջ

Հայ գիտնականներն այժմ բացի COVID-19-ի թեստերի արտադրությունից, զբաղվում են հակավիրուսային դեղամիջոցների կամ միացությունների հայտնաբերման հետազոտություններով, որոնք կարող են հետագայում օգտագործվել կորոնավիրուսի բուժման նպատակով։

Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով՝ առայժմ առաջարկելու համար որեւէ դեղամիջոց չունեն։

«Այս պահին դրանք կրում են տեսական բնույթ, բայց կարող են ինչ-որ պահի անցնել փորձարարական փուլ»,- առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց նա։

Ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ COVID-19-ի հետ կապված նշված հետազոտություններն իրականացնում է հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խումբը։ «Արդեն կարողացել են իդենտիֆիկացնել մի քանի շատ հետաքրքիր միացություն, որոնք ունեն լավ խնամակցություն վիրուսի սպիտակուցների հետ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այդ միացությունները կկարողանան ճնշել վիրուսի ներթափանցումը բջիջ»։

Այս պահին դժվար է ասել, թե կոնկրետ երբ կլինեն արդյունքները, դեռեւս խոսում են գիտական հետազոտությունների մասին, եւ դեռ այն փուլը չէ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը միջամտի։

Այսօր Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատանքները 2 փուլի են բաժանված, բացի այս ամենը, իրենց հունով շարունակվում են այս տարվա համար պլանավորված գիտական հետազոտությունները. հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմների պարզաբանում, նոր ախտորոշիչ թեստերի մշակում եւ այլն։

Ընթացքում աշխատանքներ են տարվում այլ գիտական կազմակերպությունների մշակած պարագաների ուղղությամբ, օրինակ՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի մշակած օզոնային եւ ուլտրամանուշակագույն ախտահանիչ սարքերի։ Երեկ էլ ավարտվեց դիմակների փորձարկումը։ Այն Աշտարակի եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտների համատեղ աշխատանքն էր։ Դրանք պատված են հավելյալ շերտով եւ պետք է ունենան ավելի մեծ պաշտպանիչ նշանակություն։

Ինստիտուտի տնօրենն անդրադարձավ նաեւ առկա խնդիրներին։ Իր խոսքով՝ Հայաստանում այս պահին չկա բավականաչափ հագեցած գիտահետազոտական ենթակառուցվածք, որը թույլ կտա իրականացնել շատ հետազոտություններ՝ սկսած վիրուսի մեխանիզմներից, ավարտված դեղամիջոցներով եւ պատվաստանյութերով։

Աշխատանքների փոքր ծավալը նա կապում է միայն ֆիանսավորման եւ ենթակառուցվածքների անբավարարության հետ, քանի որ մարդկային ներուժ ունեն։ Ինստիտուտի հզորացման միակ միջոցն իր կարծիքով ֆինանսավորումն է եւ նյութատեխնիկական բազայի բարելավումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ