![]()
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2020 թվականի մայիսի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։
Ըստ այդմ՝ մարզպետը 2019-ի տարեսկզբին ունեցել է 1 հողամաս Կոտայքի մարզի Ակունք համայնքում եւ 2 բնակարան Աբովյան համայնքում։ 2019-ին Պետրոսյանը վաճառել է Աբովյան համայնքի բնակարաններից մեկը՝ 17 մլն 800 հազար դրամով եւ 51 մլն 357 հազար 225 դրամով բնակարան ձեռք բերել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։
2019-ի տարեսկզբին Պետրոսյանն ունեցել է «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։
2019-ի տարեսկզբին Կոտայքի մարզպետի բանկային հաշիվներից մեկում եղել է 568 հազար 817 դրամ, որը տարեվերջին դարձել է 2005 դրամ, իսկ մյուս հաշվին գումար չի եղել, սակայն տարեվերջին դարձել է 1 մլն 922 հազար 86 դրամ։
Պետրոսյանի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 850 հազար դրամ եւ նույնչափ էլ պահպանվել է տարեվերջին:
2019-ին մարզպետը մի քանի աղբյուրներից եկամուտ է ստացել։ Նա Կոտայքի մարզպետարանից, որպես աշխատավարձ, ստացել է 11 մլն 522 հազար 455 դրամ։ Ինչպես նշեցինք, 17 մլն 800 հազար դրամ գոյացել է բնակարանի վաճառքից։ Պետրոսյանը 35 մլն դրամ վարկ է վերցրել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից, 874 հազար 497 դրամ վարկ էլ՝ «Ամերիա» բանկից։
Նշենք, որ Կոտայքի մարզպետը 2011 թվականից «Բիզնես ռեջենտ» ՍՊԸ-ի 60 տոկոս բաժնետեր է։
Նրա կինը՝ Արմինե Պետրոսյանը, 2019-ի տարեսկզբին իր բանկային հաշվին ունեցել է 123 հազար 475 դրամ, որը տարեվերջին դարձել է 223 հազար 214 դրամ։
Արմինե Պետրոսյանը տարեսկզբին կանխիկ ունեցել է 176 հազար 524 դրամ, իսկ տարեվերջին՝ 250 հազար դրամ։ Վերջինս 2019-ին ունեցել է 202 հազար 239 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է «ՍՄԱՐԹ» Նորարար կրթության եւ մշակույթի զարգացման հիմնադրամում, աշխատավարձից։
![]()