Նրա հարվածը մեջքից էր ու շատ անսպասելի․ Հասմիկ Կարապետյանը` ընկերների և մաղված շրջապատի մասին

Նա այնքան անկեղծ է, որ թվում է` այլևս չկա այնպիսի բան, որը նրա մասին հայտնի չէ, բայց նշում է, որ անկեղծ լինելով հանդերձ շատ պատմությունների մասին չի խոսել:

-Հասմիկ, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Փոքր տարիքում այլ մասնագիտության մասին մտածե՞լ եք:

-Շատ հետաքրքիր, վառ գույներով լի մանկություն եմ ունեցել, տեսակով միշտ տարբերվել եմ ուրիշ երեխաներից: Երգի հանդեպ իմ սերը դեռ մանկապարտեզային տարիքից էր զգալի: Հանդեսների ժամանակ դաստիարակներն ինձ միշտ երգեր էին տալիս։ Նույնը շարունակվեց դպրոցում: Ավարտական միջոցառումների ժամանակ երգի հետ կապված ամեն ինչ ես էի կազմակերպել: Բայց կար մեկ այլ մասնագիտություն, որի մասին ես երազում էի: Ինձ թվում էր, որ պետք է կինոդերասանուհի դառնամ:

-Ինչու՞ Ձեր այդ երազանքն իրականություն չդարձրիք:

-Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ կամ ինչ-որ բանի պատճառով չի ստացվել նկարահանվել: Մեր երկրում, ցավոք, ֆիլմարտադրությունը, սերիալարտադրությունն այն մակարդակի չէ, որ ցանկություն ունենամ փորձել ինձ` գոնե պարզելու` կարո՞ղ եմ, թե՞ ոչ: Գուցե ինձ ազգի դավաճան համարեն, բայց պետք է ասեմ, որ թուրքական սերիալները որակային առումով ավելի լավն են:

Չեմ կարող ասել, որ կատարյալ են, բայց իրենց դերասանների ընտրությունը, գեղեցիկ արժեքներ քարոզելը տարբերվում է: Նրանք կարողանում են իրենց այնպես ներկայացնել, որ չճանաչողը մտածի`ժամանակի հետ քայլող ազգ են: «Հիանալի դար» կոչվող սերիալը դիտել եմ ու զարմացել, թե ինչպիսի պատմություն են ներկայացնում նրանք, ինչքան լավ են խաղում դերասանները: Ռուսական սերիալներն էլ են շատ լավը: Դիտում ես, սիրահարվում հերոսներին, ցավում ու ուրախանում նրանց հետ: Շատ կցանկանայի, որ մեր մռայլ սերիալներն էլ մի օր ավելի լավը լինեն:

-Նմանատիպ սերիալներում կնկարահանվեի՞ք:

-Եթե այդ բարությունը, ռոմանտիզմը, սերը լիներ նաև մեզ մոտ, ես էլ կնկարահանվեի: Հիմա դիտում եմ հայկական սերիալները ու չեմ հավատում դերասանների խաղին, սիրուն: Տպավորություն եմ ստանում, որ դերասաններն ուղղակի անգիր խոսքեր են ասում:

-Հասմիկ, այսօրվա շոու բիզնեսին հետևու՞մ եք:

-Այսօր քաոս է: Բոլորը երգում են, տեսահոլովակներ են նկարահանում: Մեր ժամանակվա երգարվեստում իմաստ կար, իմ սերնդակիցները ձգտում էին ոչ թե քանակ, այլ որակ ապահովել: Մեր սերունդը կարողացավ հանրությանը մատուցել հիթային հայկական էստրադային երգեր: Մենք քիչ էինք, բայց ամեն մեկս մի գույն էինք, մեզ շփոթելը անհնար էր: Այդ իմաստով մրցակցությունն ավելի շատ էր, քան հիմա։ Հիմա քանակը շատ է, բայց որակը քիչ է, հետևաբար` մրցակցությունը թույլ է: Ավելի բարդ է մրցել քիչ որակի, քան քանակի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ