![]()
Հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը, ծնվել է 1937 թ․ հուլիսի մեկին՝ Երևանում։
Կարեն Ջանիբեկյանը 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-1967 թվականներին աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-1969 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։
1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։
Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում Մովսես Խորենացու մեդալի։ 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը։ Կարեն Ջանիբեկյանի հայրը դերասան Գուրգեն Ջանիբեկյանն է։
Երբ մարդը կա, ապրում է՝ նրա մասին խոսակցությունները բամբասանքի տեսք են ունենում, իսկ երբ կյանքից հեռանում է՝ դրանք բարձրանում են լեգենդի աստիճանին:
Այսօր գաղափար չկա, միտքը, ասելիքը չկա: Երկրի կարևոր օղակները մերը չեն: Ժողովուրդն ասես օտար երկրում ապրի: Մի բան եղավ` վերջ, վեր կենան կգնան:
Եվ մարդիկ գնում են ոչ թե այն պատճառով, որ շատ վատ է, այլ որ հավատ չկա:
Իսկ կինոն սինթեզ է, մեծ ֆաբրիկա, որտեղ ամենքը պիտի իրենց ունեցածը ներդնեն:
Մարդու կայացման հարցում շատ կարևոր նշանակություն ունի ամուր հիմքը, որն ապահովում է միայն ընտանիքը: Ամուր հիմք ասելով՝ նկատի ունեմ և՛ լիարժեք կրթությունը, և՛ ամբողջական դաստիարակությունը:
Ինչի՞ հետ են կապված Ձեր քաղցր օրերը: -Յուրաքանչյուր երեխայիս լույս աշխարհ գալու և այն ամեն լավի հետ, ինչն առնչվում է նրանց: Երբ դառնություններս համեմատում եմ այդ բերկրալի զգացողությունների հետ՝ վատ օրերս էլ չեմ հիշում:
Ես պաշտում եմ իմ բոլոր երեխաներին, նրանք էլ, կարծում եմ, ինձ են սիրում:
Ես շատ շուտ հասկացա, որ իմ կոչումը ոչ թե բեմադրիչ դառնալն է, այլ դերասան, և փոխադրվեցի դերասանական բաժին:
Կարծում եմ, որ բեմադրության մեջ դերասանն ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան բեմադրիչը:
Հորս անվանը շատ զգուշորեն էի վերաբերվում: Նա սարսափելի խստապահանջ էր իմ նկատմամբ, իսկ գնահատականներում՝ շատ զուսպ:
Իմ հայրն ինձ համար տեսիլք էր, որքան մոտենում էի ՝ այնքան հեռանում էր…
Ուզում եմ, որ մարդիկ ավելի մոտենան, մերձենան բնությանը, սիրեն աշխարհն ու միմյանց: Այս գունավոր մատիտներով, պատկերեք, խնդրում եմ, ձեր աշխարհը:
![]()