![]()
Հունիսի 30-ին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ստորագրեցին հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար:
Հայտագրերի փոխանակումը Հայաստանի Հանրապետությանը ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է: Այս ծրագրի միջոցով Ճապոնիայի կառավարությունը չորս հարյուր միլիոն ճապոնական իեն (մոտ 3.7 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար:
Սույն նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ
պայքարում՝ խթանելով միջինից երկարաժամկետ առողջապահական և բժշկական համակարգը: ՄՌՏ համակարգի վերջին սերունդը և այլ բժշկական սարքավորումները զգալիորեն կբարելավեն երկրում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը՝ մեղմելով առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և փրկելով մարդկանց կյանքեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։
Մահվան 10 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:
![]()