Լիլիթ Մակունցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը հայտնի է

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը պացասական է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու վարակված պատգամավորների հետ շփում ունեցածները, կարգի համաձայն, չեն մեկուսացել:

«Օրինակ՝ տիկին Մակունցը, նա ևս հանձնել է կորոնավիրուսի թեստ, և պատասխանը բացասական է»,-ասել է Ալեն Սիմոնյանը, ապա նշել, որ, աստված մի արասցե, եթե ԱԺ-ն կարևոր մի որոշում ընդունելիս լինի, ու կարիքը լինի, որ վարակված պատգամավորը գա, պետք է գա:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը ասել է, որ թեստի պատասխանը ստացել է հունիսի 29-ին:

«Ախտանշաններ զգացել եմ ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսից: Թուլություն եմ զգացել, ուրբաթ օրն ունեցել եմ ջերմություն, մկանային ցավեր եմ ունեցել և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, ջերմիջեցնող եմ խմել ընդամենը, մի փոքր էլ ծանր շնչառություն եմ ունեցել, որն էլ ստիպել է թեստ հանձնել»,- ասել է Ստեփանյանը:

Պատգամավորը նշել է՝ չգիտի, թե որտեղից է վարակվել.

«Գաղափար չունեմ, թե որտեղից եմ վարակվել: Հունիսի 21-ին` կիրակի օրը, գտնվել եմ Հրազդան քաղաքում, այցելել եմ հատուկ կարիք ունեցող երեխաների՝ մոտ 22 ընտանիք: Խոսել եմ ծնողների հետ, հասկանալու համար, թե այս ընթացքում ինչ խնդիրներ ունեն, ցերեկային խնամքի կենտրոններն ինչ են անում: 22 ընտանիք մտել և դուրս եմ եկել, մեքենա չունեմ, օգտվում եմ տաքսիներից, խանութ եմ մտնում-դուրս գալիս, Ազգային ժողովում եմ լինում, այնպես որ՝ վարակի հնարավոր աղբյուրի մասին որևէ բան ասել չեմ կարող»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ