![]()
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակը նույնիսկ մոտ չէ ավարտին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
Կառույցի ղեկավարի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներ առաջընթաց են գրանցել վարակի տարածման դեմ պայքարում, սակայն վիրուսի տարածումն իրականում արագանում է:
Գեբրեյեսուսը նաև նշել է, որ լրացել է 6 ամիս այն օրվանից, երբ կառույցն առաջին անգամ տեղեկացվել է Չինաստանում թոքաբորբի տարածման դեպքերի մասին: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ այն պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսով:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։
Մահվան 10 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:
![]()