![]()
Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի», գրում է BBC-ն։
Վիրուսը, որը կոչվում է G4 EA H1N1, փոխանցվում է խոզերի միջոցով, ասված է նոր հետազոտական հոդվածում։
Գիտնականների հաղորդմամբ՝ քանի որ սա վիրուսի նոր տեսակ է, մարդիկ, հնարավոր է, թույլ իմունիտետ կամ վատագույն դեպքում՝ իմունիտետ չեն ունենա դրա նկատմամբ։
Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի պրոֆեսոր Քին-Չոու Չանը BBC-ին ասել է.«Հիմա մենք տարված ենք կորոնավիրուսի դեմ պայքարով, ինչը բնական է, սակայն չպետք է անտեսել վտանգավոր նոր վիրուսների տարածման հնարավորությունը»։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։
Մահվան 10 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:
![]()