![]()
ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից 2019-ի սեպտեմբերի 16-ից մինչեւ 2020-ի հունիսի 8-ը վերականգնվել է 3 միլիարդ 943 միլիոն 670 հազար 550 դրամ:
ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմից: Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի, ապա եւ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Էդուարդ Մարտիրոսյանը: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր նաեւ մեր հարցման պահին:
Հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողները Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո որքան գումար է վերադարձվել բյուջե։
Մարտիրոսյանն առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել, ապա հավելեց, որ բյուջե մուտք եղած գումարների չափը մի քանի միլիարդ դրամ է:
Եվ ահա, մեր նույն հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018-ի մայիսից մինչեւ 2019-ի սեպտեմբերը, այսինքն՝ Վանեցյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 16 միլիարդ 874 միլիոն 166 հազար 130 ՀՀ դրամ: 2020 թվականի հունիսի 8-ին Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
![]()