![]()
«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի հյուրը «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանն է:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը տնտեսական և քաղաքական գործիչ է, հայտնի գործարար է։ Երեք անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։
1985 թ. — ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվում է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև՝ արտադրության պետ, իսկ 1989 թ. նշանակվում է տնօրեն։ 1991-1992 թթ. աշխատել է որպես «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
1992-1994 թթ. — աշխատել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում՝ որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։
Այնուհետև ամբողջովին զբաղվում է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել է դեռ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։
1996 թ. — ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։
![]()