![]()
Արդեն 2 ժամից ավելի է` Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը պայքարում են Երևան քաղաքի Հրազդանի կիճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջները մի քանի ուղղություններով են պայքարում կրակի դեմ և նրանց աշխատանքը բավականին բարդանում է քամու պատճառով: Այս պահին հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակի օջախները, սակայն շատ տեղերում, քանի որ հսկայական ժայռաբեկորներ են, հնարավոր չէ ավտոմեքենաներով մոտենալ ու ստիպված հրշեջները որոշ հատվածներում մոտ 1 կմ ոտքով են մոտենում՝ իրենց հետ տանելով նաև հրդեհաշիջման համար անհրաժեշտ պարագաները:
Տեղում աշխատանքները ղեկավարում է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանը: Աշխատանքներին էլ օնլայն եղանակով հետևում են Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Փրկարար ծառայության տնօրեն, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ տեղերում հրշեջները վտանգում են իրենց կյանքը, որպեսզի մոտենան կրակ օջախներին: Ճիշտ է, հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1, սակայն հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել ու այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի նոր օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:
![]()