ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբովյանը նշեց, որ ախտանշաններ չունի, սակայն թեստի պատասխանը դրական է:

«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, ինքնազգացողությունս լավ է: Հիմա ինքնամեկուսացած եմ»,- ասաց Աբովյանը:

Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 5 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը և Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ը` առողջացած, 410-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105046 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր դեպք և 814 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ