Ծառուկյանի որդին՝ Նվերը կորոնավիրուսո՞վ է վարակվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանն դեռ չի ներկայացել քննչական մարմին՝ հարցաքննության։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն՝ հավելելով, որ Նվեր Ծառուկյանը դեռ չի ապաքինվել։

«Մենք պատշաճ կարգով՝ բժշկական փաստաթղթերը կցած ներկայացրել ենք վարույթն իրականացնող մարմնին, նա դեռ մի քանի օր էլ պետք է բուժում ստանա, որպեսզի վերջնական ապաքինվի և կարողանա ներկայանալ քննչական մարմնին։ Մշտական կապի մեջ ենք և, ըստ էության, բժշկական փաստաթղթերը կցած ներկայացրել ենք ամբողջը քննչական մարմին»,-ասաց նա։

ArmDaily.am-ը երեկ տեղեկություններ էր հրապարակել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել։ Փորձել էինք տեղեկությունները ճշտել ԲՀԿ-ական պատգամավորներից, ովքեր Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո մեկուսացել էին, սակայն թե պատգամավորները, թե Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ոչնչից տեղյակ չէին։ Երեկ ողջ օրը մերձիշխանական շրջանակից պարբերաբար տեղեկություններ էին տարածում, որ Նվեր Ծառուկյանը հոսպիտալացված է մի հիվանդանոցում, որը կորոնավիրուսով հիվանդների չի սպասարկում։

Դժգոհություններ էին հնչում այն առնչությամբ, որ հիվանդանոցը նախատեսված չէ նման հիվանդների համար, ուստի Ծառուկյանի այնտեղ գտնվելը վտանգում է թե բուժանձնակազմի, թե մյուս հիվանդների առողջությունը։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հերքել էին հիվանդանոցից, ուստի մենք երեկ ձեռնպահ էինք մնացել լուրը հրապարակելուց։ Տեղեկությունը դեռ շարունակվում է շրջանառվել, իսկ հիվանդանոցից մեզ հայտնել են, որ նման հիվանդ չունեն։ Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առանց անձի թույլտվության իր առողջական խնդիրների վերաբերյալ տեղեկություն չի կարող հրապարակել։

Հարցին՝ նա հոսպիտալացված է, թե տանն է բուժում ստանում՝ փաստաբանն ասաց, որ նա մերթընդմերթ ժամանում է բուժհաստատություն՝ բուժումների ցուցումներ է ստանում և վերադառնում է բնակության վայր։

աղբյուրը՝  ArmDaily.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ