![]()
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով (Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը)։
Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա նշեց, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող խմբակային բռնաբարության դատական ակտի հրապարակման հետ կապված նոր զարգացումներ կան: Ծառուկյանի պաշտպանական թիմը դիմել է գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե ինչպես է 40 տարվա վաղեմության դատական վճիռը, որը կայացվել է փակ նիստում, հասանելի դարձել հանրությանը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի կողմից կառավարության հրաժարականը պահանջելուց հետո սոցցանցերում, ապա մամուլում հրապարակվեցին Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ 1979 թվականին տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի «սքրինշոթերը»:
Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը և ևս երեք անձ 1979 թվականի հունիսի 6-ին Երևանի ռեստորաններից մեկում ծանոթացել են ազգությամբ ռուս իգական սեռի երկու ներկայացուցիչների հետ, ապա նրանց տարել են Կոտայքի մարզ, որտեղ կիսակառույց շինությունում սեռական բռնության ենթարկել և կողոպտել:
Ի դեպ, այս թվականին Ծառուկյանն աշխատել է Կառավարական շենքերի պահպանման առանձին դիվիզիոնում՝ որպես միլիցիոներ, դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման:
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց՝ դատավճռի հանրայնացմամբ ապօրինի հրապարակվել են Ծառուկյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ: Նա նաև ընդգծում է, որ դռնփակ անցկացվող դատական նիստերը ու դրանց եզրափակիչ որոշումները հրապարակման ենթակա չեն։ Պաշտպանն այստեղ 308 հոդվածի՝ պաշտոնեական դիրքի չարաշահում է տեսնում:
![]()