![]()
Բանկից դուրս եմ գալիս՝ ձեռնոցներով, դիմակով։ Մի բան էլ ավելի՝ գլխարկ էլ եմ կրում, արեւային ակնոցն էլ՝ վրադիր։ Մոտենում է ոստիկանը, հարգալից բարեւում, ներկայանում եւ պահանջում անձը հաստատող փաստաթուղթ։ Պայուսակումս են, իհարկե, ե՛ւ անձնագիրը, ե՛ւ նույնականացման քարտն ու սոցքարտը, համ էլ՝ լրագրողիս վկայականը։
Բայց միանգամից չեմ ցույց տալիս՝ փոխարենը ոստիկանին հարցնելով. «Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել, ինչու՞ եք անձնագիր ուզում»։
-Եթե անձը հաստատող փաստաթուղթ չունեք, ապա հենց հիմա ինձ հետ բաժին պետք է գաք,-դարձյալ հարգալից է։
Ու քանի որ հուրախություն ինձ՝ գրագետ հայերեն է խոսում, զրույցը շարունակել եմ ուզում՝ դարձյալ փաստաթուղթ ցույց չտալով։
-Կարող եք բացատրել, ինչու՞ պետք է բաժին գամ,-ասում եմ՝ խնդրելով մեկ րոպե սպասել։
Տեղում զանգում եմ պարետատուն։ Մի քանի ձախողված փորձից հետո միանում եմ։ Տալիս եմ նույն հարցը եւ ստանում պատասխան. «Այս տարվա հունիսի 16-ի ՀՀ պարետի թիվ 139-Ն որոշման համաձայն, պարետի 2020 թ. մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, 6-րդ կետը լրացվել է 6.1 կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը»։
Ոստիկանը ժպտում է՝ տեսա՞ք, թեեւ չէր լսել մեր խոսակցությունը։
Պարետատան հետ զրույցս եմ շարունակում. «Եթե խախտում թույլ չեմ տվել, ոստիկանն անձնագիրս ուզում է որ ի՞նչ անի, անձնագիրը պետք չէ՞ տուգանքն արագ ձեւակերպելու համար»։
«Պարտադիր են ե՛ւ դիմակի, ե՛ւ անձնագրի առկայությունը»,-շարունակում են պարետատնից՝ հավելելով, թե որոշումն է այդպիսին, եւ այլ ճշտումների համար գրավոր հարցում է պետք։
Ոստիկանին մեկնում եմ անձնագիրս։ «Բա եթե ունեիք, տայիք էլի»,-զարմանում է։
«Ախր տեսաք, որ բանկից եմ դուրս գալիս, մոտս հաստատ մի փաստաթուղթ կլիներ,-ժպտում եմ։-Պարզապես, ուզում էի հասկանալ՝ ինչու»։
«Ձեզ լավ օր, հարգելի քաղաքացի»,-ոստիկանն անձնագիրս վերադարձնում է ու թե՝ «Պարետի որոշումն է, հաջորդ անգամ որ կուզեն, անմիջապես տվեք»։
Ոստիկանությունից էլ նույն պարզաբանումը տվեցին. «Պարետի որոշում է»։
![]()