![]()
Կորոնավիրուսային համավարակի երկարատև մարման և վարակի նոր բռնկումների առաջացման պատճառն այն մարդիկ են, որոնք չեն հավատում վարակի իրական լինելուն և անտեսում են սոցիալական հեռավորության միջոցները: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի վիճակագրության և մոդելավորման փորձագետ Աղասի Թավադյանը:
«Թերահավատները չեն կրում դիմակներ և չեն հետևում կարանտինի և սոցիալական հեռավորության կանոններին: Թերահավատության հետևանքով համաճարակը միշտ կունենա հիվանդության նոր օջախներ»,- ասել է Թավադյանը:
Նրա խոսքերով՝ վարակի նոր դեպքեր հայտնաբերվելու են դեռ շատ երկար ժամանակ:
Փորձագետը նշել է, որ նման մարդկանց պատճառով հիվանդության պլատոն կարող է տևել ավելի քան երկու ամիս, մինչև հասնի կրիտիկական կետի, ինչպես, օրինակ՝ Մոսկվայում կամ մինչև հայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է:
![]()