![]()
Համաշխարհային SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի հետ կապված խնդիրների քաղաքականացումը ավելի է խորացրել դրա պատճառած վնասը: Այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այդ մասին նա հայտարարել է առողջապահության հարցերին նվիրված համաշխարհային առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էին Դուբայի իշխանությունները:
Հունիսի 19-ին ԱՀԿ ղեկավարը աշխարհին նախազգուշացրել էր կորոնավիրուսի նոր վտանգավոր փուլի մեկնարկի մասին՝ հիմք ընդունելով այն, որ մարդիկ արդեն սկսել են դուրս գալ մեկուսացումից, չնայած վարակը շարունակում է տարածվել մեծ արագությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է:
![]()
![]()