Շատ հեշտ է տանը նստել ու առիթից օգտվելով՝ չաշխատել, բայց ես կողմ չեմ. Արտաշատի թատրոնը նոր ծրագրեր ունի

Հունիսի սկզբից Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը վերսկսել է բեմադրական աշխատանքները: Խիստ կերպով պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ թատրոնը շուտով հանդիսատեսին կներկայացնի Համո Սահյանի «Կգամ» պոեզիան: Բեմադրությունը Ռոբերտ Առաքելյանի:

Թատրոնն արդեն նաեւ տնօրեն ունի: Այդ պաշտոնում ընտրվել է տնօրենի պաշտոնակատար Կամո Նաղդալյանը: Մայիսի վերջին է կայացել մրցույթը, որին մասնակցել է նաեւ ԿԳՄՍ նախկին աշխատակիցներից մեկը, սակայն հաղթել է Կամո Նաղդալյանը:

Թատրոնի տնօրենը ՀԺ-ին հայտնեց՝ առաջիկայում ներկայացվելիք պոեզիայի ժանրով ստեղծագործությունը հատուկ է ընտրվել, որպեսզի հնարավոր լինի բացառել բեմում մեծ թվով դերասանների ներգրավվածությունը, հետեւաբար նաեւ կոնտակն ու վարակի հետագա տարածումը։ «Մենք ետնաբակ ունենք, որը շատ անմխիթար վիճակում էր գտնվում: Բարեկարգման աշխատանքներ ենք ծավալել մեր ուժերով, այս ընթացքում նաեւ շարժական բեմահարթակ ենք պատրաստել, որպեսզի անհրաժեշտության դեպքում այլ դերեր խաղանք: Պլանավորում ենք հանդիսատեսին ներկայացնել այս ամսի 26-ին»,- ասաց տնօրենը:

Կամո Նաղդալյանը շեշտեց, որ դրսում հանդիսատեսների միջեւ եւս կապահովվի սահմանված հեռավորություն, կլինեն շատ սահմանափակ թվով մարդիկ՝ դիմակններով ու պարետի ցուցումներին համապատասխան: Վերջինս նշեց, որ թույլտվության դեպքում այս ֆորմատով կարող են նաեւ համայնքներում հանդես գալ, որովհետեւ գյուղեր կան, որոնք ունեն բացօթյա ամֆիթատրոններ:

«Մենք պատրաստ ենք համավարակի պայմաններում գործունեություն ծավալել, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ինչքան կտեւի այս իրավիճակը: Մենք պետք է սովորենք աշխատել այս պայմաններում, չաշխատելու տարբերակ չունենք: Շատ հեշտ է տանը նստել ու առիթից օգտվելով՝ ասել՝ չէ, չենք աշխատում, բայց ես դրա կողմնակիցը չեմ»,- ասաց նա:

Բեմում եւս դերասանները 1.5 մետր հեռավորության վրա են լինելու: Առաջիկայում նախատեսվում է ներկայանալ բացօթյա ներկայացումներով՝ սահմանափակ թվով հանդիսատեսի համար։

Նաղդալյանը նշեց, որ առաջիկայում սպասվելիք պոեզիայի երեկոյի մասին լսել է Համո Սահյանի որդին՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրի Սահյանը, զանգահարել եւ տեղեկացրել է, որ անպայման ցանկանում է ներկա գտնվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ