Կոսմետոլոգիական ծառայություններ, բուժում՝ երաշխավորված արդյունքով, փոխնակ մայրություն. ով է վերահսկում այս առաջարկները

Հայտարարությունների համացանցային հարթակներում բժշկական ծառայությունների ամենատարբեր առաջարկներ կան՝ բուժում են հիվանդություններ, մատուցում կոսմետոլոգիական ծառայություններ, բուժական-վերականգնողական մերսումներ են անում՝ երաշխավորելով անվրեպ արդյունքներ, առաջարկում են դառնալ փոխնակ մայր՝ «մատչելի գներով»: Ինչպե՞ս է վերահսկվում նման բժշկական ծառայությունների՝ անհատ բժիշկ-կոսմետոլոգների աշխատանքի որակը, ո՞վ է հետեւում, որ քաղաքացիները ոչ միայն խաբեության զոհ չդառնան, այլեւ լրջորեն չվտանգեն իրենց առողջությունը ոչ մասնագիտական մոտեցումների արդյունքում:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ առողջապահական բնագավառում լիցենզիայի պայմանների եւ պահանջների նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական սպասարկման վերահսկողության վարչության պետ Մարինե Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսչական մարմինը բժշկական օգնության եւ սպասարկման, բուժական մեթոդների եւ բուժտեխնիկայի գովազդի վերահսկողությունն է իրականացնում: Սամսոնյանի խոսքով՝ պիտի իրավաբանների հետ խորհրդակցեն՝ պարզելու համար՝ այսօրինակ հայտարարությունները գովազդ են, թե ոչ: «Ակներեւ է, որ բժշկական օգնություն ու սպասարկում է գովազդվում, սակայն դեռ պիտի իրավաբանների հետ քննարկենք»,- ասաց նա:

Նյութի աղբյուրը ՝ այստեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ