Ազատության մեջ հայտնված Քոչարյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է: Նրա փաստաբաններն այսօր վճարել են Վերաքննիչ դատարանի սահմանած 2 մլրդ դրամ գրավը, որի դիմաց Քոչարյանն ազատ է արձակվել: Նա ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել իր տան այգում`գրելով. «Տանը»:

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։

Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։

«Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին»,- ասված է հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ